«Ինտեր»-ի ֆուտբոլիստները պետք է հպարտանան այն աշխատանքով, որ կատարեցին. Ինձագի
Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի կարծիքով՝ իր թիմի ֆուտբոլիստները հպարտանալու աշխատանք են կատարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
«Նորմալ եմ համարում հիասթափությունը: Սակայն, «Ինտեր»-ի ֆուտբոլիստները պետք է հպարտանան այն աշխատանքով, որ կատարեցին այս եզրափակիչում: Խաղում էինք հզոր հակառակորդի հետ և արժանի չէինք պարտության»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ խաղից հետո ունեցած հանդիպման ժամանակ ասաց նա:
Ինձագին ընդգծեց, որ ինչպես իր բոլոր խաղացողներին, այնպես էլ մարզադաշտում ներկա երկրպագուներին պատրաստ էր գրկելու նման աջակցության համար:
«Մինչև հիմա չեմ հավատում, թե ինչպես մեզ չհաջողվեց խաղավարտին մոտ դառնալ գոլի հեղինակ»,- ընդգծեց մարզիչը:
Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը։ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»` 1:0:
«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: