Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի մոտ մանիպուլացիաների արվեստը յուրացնելու դասերի պետք է հաճախի. Մետաքսե Հակոբյան
«Հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստան և հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով: Մենք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, դեմ էինք արտահայտվել այս նախաձեռնությանը և գտնում ենք, որ սրանով Արցախում խախտվել են բոլոր վտանգավոր կարմիր գծերը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարութուն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով այս օրերին հանդես է գալիս նաև որպես նորաստեղծ՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի ընտրված անդամ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որով իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջել էր անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև՝ Արցախի իշխանություններին հորդորել զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:
Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ դեռևս մայիսի 23-ին Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել ուղերձով, որում նշել էր, թե Արցախ – Հայաստան ցամաքային կապը կարմիր գիծ է, որը չպետք է հատվի. «Հիմա ստացվում է, որ, հենց, ինքն է հատում իր իսկ կողմից սահմանված վտանգավոր կարմիր գիծը։ Նրանք ինչ-որ բացառություններից են խոսում, թե, իբր, կան այդ ճանապարհն օգտագործելու հետ կապված որոշակի անհրաժեշտություններ, սակայն, մենք շարունակում ենք պնդել, որ կարմիր գիծը չի կարող անցքեր ունենալ՝ կարմիր գիծը, դա կարմիր գիծ է և վերջ»։
Պատգամավորը նշում է՝ հարց են տվել նախագահ Հարությունյանին՝ որո՞նք են այդ բացառությունները կամ ինչպե՞ս են որոշվում՝ տվյալ իրավիճակը բացառությո՞ւն է, իսկ մյուսը՝ ոչ. «Արայիկ Հարությունյանը մեզ պատասխանեց, որ այդ հարցով ինքը չի զբաղվում և տեղեկացված չէ։ Ասեց, որ դա Արցախի Պետնախարարի և Կառավարության գործառույթների տիրույթում է։ Գիտե՞ք, երբ պետական մակարդակով խոսվում է ճանապարհի օգտագործման մասին, շատերն, ուղղակի, խորը չեն մտածում, կարծելով, որ դա օրենքի շրջանակներում է, հետևաբար, յուրաքանչյուրի համար իր գնալն ավելի առաջնային ու կարևոր է դառնում»։
Այս պահի տվյալներով, ըստ պատգամավորի, արդեն օգտագործելի անցակետից Արցախից դուրս եկող մարդկանց թիվը մեծ չէ.«Հստակ թիվ, այս պահին ձեռքիս տակ չունեմ, սակայն, դուրս են գալիս մեծամասամբ միայն նրանք, ովքեր Արցախ էին եկել Հայաստանից՝ գործուղման կամ աշխատանքի նպատակով և քանի – որ հիմա այստեղ, արդեն,կենսական նշանակության՝ աշխատանքի, ինչպես նաև վճարումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջ եկել, այդ մարդիկ վերադառնում են Հայաստան։ Ինչ վերաբերում է արցախցիների՝ Արցախից հեռանալու մասին լուրերին, ապա այդպիսի մասսայական դեպքեր այստեղ, իհարկե, չկան»։
Այդուհանդերձ՝ պատգամավորը հավելում է.«Մենք Արայիկ Հարությունյանից պահանջել ենք, որպեսզի նա հանրային հաշվետվություն ներկայացնի՝ կա՞ն արդյո՞ք և, եթե կան, ովքե՞ր են արցախցի այն քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին դուրս են եկել Արցախից՝ միայնակ կամ իրենց ընտանիքների անդամների հետ։ Սպասում ենք իշխանությունների հայտարարությանը։ Մեզ ասացին, որ այդ մասին պաշտոնական հաղորդում կլինի, հանձնարարականն ԱԱԾ-ին, արդեն, տրված է՝ առաջիկայում Արցախի իշխանությունների կողմից հստակ տեղեկություն կհրապարակվի»։
Ամփոփելով զրույցը, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ քանի – որ Արցախի իշխանությունները բոլոր տեսակի կարմիր գծերը հատելով հասան նրան, որ այսօր, արդեն, ապօրինի տեղադրված անցակետում կանգնած ազերին է որոշում, թե ո՞ւմ թողնի դուրս գալ Արցախի Հանրապետության տարածքից, ինչպես նաև՝ նրանք են որոշողը՝ արդյո՞ք պետք է Արցախից դուրս եկած անձանց թույլ տալ՝ կրկին մուտք գործել, այսինքն՝ վերադառնալ Արցախի տարածք, ապա ստացվել է այնպիսի իրավիճակ, որ այնտեղից դուրս եկած ոչ բոլորն են կարողանում կրկին վերադառնալ Արցախ. «Ստեղծված իրավիճակի ֆոնին, Արցախի իշխանությունները հիմա շատ ակտիվ հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների շրջանում, բացատրում և համոզում նրանց, որ անցակետով ճանապարհի օգտագործումը խիստ անհրաժեշտություն է, որ այլ ելք չունենալու պատճառով են այդ ճանապարհից օգտվում, ինչպես նաև՝ ակտիվորեն տարածում այնպիսի մանիպուլատիվ գաղափարներ, որոնք լսելուց, ակամա մտածում ես՝ երևի Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի մոտ մանիպուլացիաների արվեստը յուրացնելու դասերի պետք է հաճախի»։