Տղամարդը պատահաբար մաստոդոնի ատամ է գտել ծովափին
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքի բնակիչը լողափով վազելիս մաստոդոնի ատամ է հայտնաբերել և այդ մասին տեղեկացել լուրերից։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sacbee-ն։
Տեղի Բնական պատմության թանգարանի պալեոնտոլոգ Ուեյն Թոմփսոնը ուշադրություն է հրավիրել սոցցանցում մի կնոջ գրառման վրա, ով Ապտոս Քրիքի մոտ անսովոր գտածո է հայտնաբերել։ Մասնագետը գտածոն անմիջապես նմանեցրել է մաստոդոնի ատամի, սակայն պարզվել է, որ կինն այն իր հետ չի վերցրել։ Թոմփսոնը գնացել է 25 սանտիմետրանոց ատամ վերցնելու, բայց այն տեղում չի եղել։
Հնէաբանը սոցցանցերում գրառումներ է կատարել՝ փնտրողին խնդրելով կապ հաստատել։ Շուտով Ջիմ Սմիթ անունով մի մարդ զանգահարել է թանգարան։ Պարզվել է, որ Սմիթը լողափին վազելիս գտել է ատամը և վերցրել այն։ Մի քանի օր անց նա պատահաբար տեսել է գտածոի պատկերը լրահոսում և հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում իր գտած իրը:
Ամերիկացին ատամը բերել է թանգարան. Թոմփսոնն ասել է, որ անձնակազմը կվերլուծի ատամի տարիքը՝ նախքան այն հանրային ցուցադրության դնելը: Ինքը՝ պալեոնտոլոգը, հայտարարել է, որ ատամը կարող է լինել մոտ հինգ հազար տարեկան։
«Նման գտածոները չափազանց հազվագյուտ են»,- ընդգծել է մասնագետը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Մերիլենդ քաղաքից տղամարդը Չեսապիքի ծովածոցում ոստրե որսալու ժամանակ հայտնաբերել է հնագույն ծովային հրեշի՝ մեգալոդոնի ատամը։ Ատամը կարող է լինել մոտ ութ միլիոն տարեկան և, ամենայն հավանականությամբ, եղել է շնաձկան ծնոտի կողային մասերից մեկը: