Ինձ դուր է գալիս Հայաստանում․ եղանակը, մարդիկ, ուտելիքը, ամեն ինչ հիանալի է․ Հրանտ Ռանոս (տեսանյութ)
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է անցած մրցաշրջանի, իր տրանսֆերի և ազգային հավաքականի մարզական հավաքի մասին։
«Ես լավ մրցաշրջան անցկացրեցի Ռեգիոնալլիգայի իմ ակումբում՝ «Բավարիայում»։ 2 գոլ խփեցի Հայաստանի հավաքականի կազմում։ Կարծում եմ՝ այդ պատճառով էլ Բունդեսլիգայի ակումբն սկսեց հետաքրքրվել ինձնով։ Նրանք ինձ նախկինում էլ էին ճանաչում։ Մյոնխենգլադբախի Բորուսիայից կապվեցին իմ գործակալների և մարզչի հետ։ Ամեն ինչ լավ ընթացավ։ Նրանց կողմից լավ մտադրվածություն զգացի։ Հասկացա, որ ապագայի լավ պլաններ ունեն և ընդունեցի առաջարկը։
Հայաստանի հավաքականին առաջիկայում բարդ հանդիպումներ են սպասվում։ Մենք ամեն օր պատրաստվում ենք, օրական 2 մարզում ենք անցկացնում, որպեսզի լավ հանդես գանք, իրար ավելի լավ հասկանանք և կարողանանք հաղթանակներ տանել մեր ազգային հավաքականի համար։
Տատիկս Հայաստանում է ապրում, այդ պատճառով էլ ես հավաքից մեկ շաբաթ առաջ եմ ժամանել Հայաստան։ Նա ինձ տարբեր վայրեր տարավ։ Գնացինք Սևան, Խոր Վիրապ։ Ինձ դուր է գալիս Հայաստանում․ եղանակը, մարդիկ, ուտելիքը․․ ամեն ինչ հիանալի է»։