Փարիզի քաղաքային խորհուրդը Հայաստանում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ որոշումն ընդունվել է հունիսի 5-ին:
«Բանաձևում ընդգծվում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120000 բնակիչների՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում 2020թ․ նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչ-բանաձևի ընդունմանը, Ֆրանսիայի տարբեր վարչատարածքային միավորների կողմից Արցախի բնակչությանը ցուցաբերված օգնությանը, Փարիզի քաղաքապետարանի կողմից հայ ժողովրդին ուղղված աջակցության և համերաշխության բազմաթիվ կոչերին, Երևան քաղաքի՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային միությանն անդամակցությանը և կարևորվում է Փարիզ քաղաքի կողմից արցախահայությանը հերթական անգամ աջակցության տրամադրումը։
Քաղաքային խորհուրդը նշված բանաձևով նաև Փարիզի քաղաքապետին լիազորություն է տալիս կոչ անելու Ֆրանսիայի այլ վարչատարածքային միավորներին և ՖՔՄՄ-ի անդամ օտարերկրյա քաղաքներին միանալ հրատապ աջակցության այդ նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին աջակցելը և Արցախի բնակչությանը մարդասիրական ավտոշարասյան միջոցով սնունդ հասցնելը»,-ասվում է դեսպանատան գրառման մեջ։