Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ. Թիմերի՝ մինչ այս գրանցած արդյունքները
Ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում այսօր` հունիսի 10-ին, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն կմրցի իտալական «Ինտեր»-ի հետ: «Քաղաքայինները» ձգտելու են պատմության մեջ առաջին անգամ տիրանալ այս բաղձալի գավաթին, իսկ «Ինտեր»-ը, որը Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող է, 2010 թվականից ի վեր առաջին անգամ կրկին փորձելու է հաղթել այս մրցաշարում:
Երկրորդ անգամ է, որ «Քաղաքայինները» հասնում են եզրափակիչ, այնինչ իտալական ակումբը եզրափակիչում եղել է 6 անգամ՝ հաղթելով 1963/64, 1964/65 և 2009/10 մրցաշրջաններում:
«Մանչեսթեր Սիթի»-ն անգլիական Պրեմիեր լիգայի և Անգլիայի գավաթի հաղթողն է, «Ինտեր»-ն այս մրցաշրջանում տիրացել է Իտալիայի գավաթին և Սուպերգավաթին:
Այս հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակներում երկու թիմերի համար թվով առաջինն է:
Վիճակագրական տվյալներով «Մանչեսթեր Սիթի»-ն նախորդ 12 խաղերից ոչ մեկում չի պարտվել. հաղթել է 7-ում, իսկ 5-ն ավարտել է ոչ-ոքի: Ֆուտբոլիստները ստացել են 20 դեղին և մեկ կարմիր քարտ: Թիմը խփել է 31 գնդակ:
«Ինտեր»-ը նախորդ 12 խաղերից հաղթել է 7-ում, պարտվել 2-ում, երեքն ավարտել է ոչ-ոքի հաշվով: Ֆուտբոլիստները ստացել են 24 դեղին և մեկ կարմիր քարտ: Թիմը խփել է 19 գնդակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ այն բացառիկ ֆուտբոլիստներից, ով հաղթել է ՈՒԵՖԱ-ի ակումբային երեք մրցաշարերում էլ: Մինչ այս հայ կիսապաշտպանը հաղթել է Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում:
«Արմենպրես»-ը հարյուրավոր միջազգային լրատվականների շարքում է` լուսաբանելու ֆուտբոլային աշխարհի երեք ամենակարևոր իրադարձություններից մեկը`Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
Հանդիպումը կմեկնարկի հունիսի 10-ին Երևանի ժամանակով 22:00-ին: