Գայանե Մարտիրոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, հաշվակցելով Մարտիրոսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով։
Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։
Նշենք, որ դատարանը միանձնյա որոշել էր գործը քննել դռնփակ ռեժիմով, ինչին համաձայն է եղել Ազգուշ Մարտիրոսյանը, որն այսօր հրաժարվել է իր պաշտպաններից՝ դիրքորոշումներում հակասության պատճառով։
Մասնավորապես, Մարտիրոսյանի պաշտպանները պատրաստվում են հասնել Մարտիրոսյանի արդարացմանը՝ պնդելով, որ հանցակազմը բացակայում է, սակայն Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել արագացված դատաքննություն իրականացնել։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը։
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։
Նշենք, որ գործով նախաքննությունը բավականին կարճ է տևել։ Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում էր: