Ե՞րբ կարող ենք խոսել անպտղություն ախտորոշման մասին. Սևադա Հակոբյան
«Ընդունված է համարել, որ եթե ամուսնական զույգի մոտ, որը շուրջ մեկ տարի ապրում է ռեգուլյար սեռական կյանքով, բեղմնականխիչ մեթոդներ չի կիրառում և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, առկա է անպտղություն և պետք է դիմել բժշկի՝ հստակ պարզելու՝ առկա է տղամարդո՞ւ անպղություն, կանացի՞ անպտղություն, թե՞ համակցված տեսակն է»,- ֆեյսբուքյան հարթակում անպտղության թեմային է անդրադարձել Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:
Բժշկի խոսքով՝ սա համարվում է առաջնային անպտղություն:
«Ցավոք սրտի, համաշխարհային տվյալներով գրանցվում է անպտղության ցուցանիշների աճման տենդենց. սա հաճախ պայմանավորված է էկոլոգիական վատթարացող գործոններով, անառողջ սննդամթերքի տեսակարար չափաբաժնի ավելացմամբ, ինչը նաև հորմոնալ խանգարումների պատճառ կարող է հանդիսանալ` վնասակար սովորույթներով, խրոնիկական հիվանդություններով (բորբոքային, սիրտանոթային, պարբերական հիվանդություն, դիաբետ), հիպոդինամիա (սակավաշարժություն), ավելորդ քաշ, ռադիացիա:
Այս պարագայում, իհարկե, առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը. խոսքը վերաբերում է նաև սեռահասուն տարիքի տղաների և աղջիկների մոտ վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրման որոշ կանխարգելիչ հետազոտությունների անցկացմանը:
Առավել արդյունավետ է, որպեսզի զույգերը, որոնք պատրաստվում են երեխա ունենալ, անցնեն որոշ պարտադիր հետազոտություներ՝ խնդիրների ավելի վաղ հայտնաբերման և կանխարգելման համար»,-գրում է բժիշկը: