Ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերը․ պատկերը մտահոգիչ է․ ԱՀ պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքն ուսումանսիրող հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին։
«Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները և մտահոգությունները, իմ կողմից ձևավորվել էր պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որի կողմից պետք է ուսումնասիրվեր և պարզվեր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքը:
Հանձնաժողովի անդամները այցելել են Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր 327 բնակարան, որի արդյունքում պարզվել է, որ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, մի շարք դեպքերում բնակվում է ոչ շահառուն, կան վաձակալության տրված բնակարաններ, ի հայտ են բերվել նաև այլ խնդիրներ: Վերոհիշյալ արդյունքներն արձանագրվել են միևնույն բնակարանի բազմակի այցելությունից հետո:
Հանձնաժողովի կողմից հավաքագրված տեղեկությունների օբյեկտիվությունն ու լիարժեքությունը վերստուգելու համար այս պահին տվյալների փոխանակում է կատարվում նաև իրավապահ մարմինների հետ:
Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ պատկերը վերահաստատվելու դեպքում անհրաժեշտ է լինելու կատարել արդեն իսկ կայացված որոշումների վերանայումներ:
Հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում և այլ բնակավայրերում ուսումնասիրությունները շարունակվում են»,- գրել է նա: