ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ կացարանի կառուցման նպատակով տրամադրված ֆինանսական աջակցության համար
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հայտնել է ներիքն գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Նաև անդրադարձել է սերտ համագործակցությանը, որն իրականացվում է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։
Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ կացարանի կառուցման նպատակով տրամադրված ֆինանսական աջակցության համար։
Նշելով, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում, Վահե Ղազարյանը, ի դեմս Եվրոպական Միության, հատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:
Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա մասնավորապես կարևորել է միգրացիոն և այլ ուղղություններով ձևավորված համագործակցությունը: Քննարկվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։