Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
Ուկրաինական և ռուսական իշխանությունները միմյանց մեղադրել են ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում գնդակոծություններ իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Խերսոնի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ ռուսական զորքերը գնդակոծում են Խերսոնը:
Մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ BBC-ի լրագրողները հաստատել Պրոկուդինի խոսքերը և տեղեկացնում են, որ հեղեղումներից տուժած բնակիչների տարհանման կետը կրակի տակ է հայտնվել։
Իր հերթին Խերսոնի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Գոլայա Պրիստան քաղաքում քաղաքացիական անձանց տարհանման կետը, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել:
Կախովկայի ՀԷԿ-ի կոնստրուկցիաների փլուզման հետևանքով, ընդհանուր առմամբ, հեղեղվել է 29 բնակավայր: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ դրանցից 19-ը գտնվում են Կիևի կողմից վերահսկվող տարածքներում, իսկ 10-ը՝ Ռուսաստանի:
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: