Տեղի են ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության առանցքային պաշտոնների ընտրություններ
Ժնևում կայացած Համաշխարհային օդերևութաբանական 19-րդ կոնգրեսի շրջանակներում հունիսի 1-2-ը տեղի են ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) առանցքային պաշտոնների ընտրություններ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, գլխավոր քարտուղար է նշանակվել Արգենտինայի Ազգային օդերևութաբանական ծառայության տնօրեն Սիելեստե Սաուլոն, իսկ ՀՕԿ նախագահ է ընտրվել Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՀՕԿ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցիչ դոկտոր Աբդուլա Ալ Մանդուսը:
Պրոֆեսոր Սաուլոն ներկայումս հանդիսանում է ՀՕԿ-ի առաջին փոխնախագահը: Նա նոր պաշտոնը կստանձնի 2024 թվականի հունվարի 1-ից և կփոխարինի պրոֆեսոր Պետերի Թաալասին, ով ավարտեց իր երկամյա մանդատը:
Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսը 193 անդամներից բաղկացած ՀՕԿ-ի որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, որի պատվիրակների ձայների երկու երրորդը ստանալուց հետո պրոֆեսոր Սաուլոն նշանակվել է ՀՕԿ-ի Գլխավոր քարտուղար։
Դոկտոր Ալ Մանդուսը նախագահությունը ստանձնել է Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսից անմիջապես հետո: Արաբական Միացյալ Էմիրություններն այս տարվա դեկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP28 համաժողովը:
Դաուդա Կոնատեն (Կոտ դ’Իվուար) ընտրվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության առաջին փոխնախագահ, Էոին Մորանը (Իռլանդիա)՝ կազմակերպության երկրորդ փոխնախագահ, դոկտոր Մրությունջայ Մոհապատրան (Հնդկաստան)՝ կազմակերպության երրորդ փոխնախագահ։