Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Խերսոնի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատված: Խերսոնի մարզում, որի մի մասն էլ պատերազմի ընթացքում անցել է Մոսկվայի վերահսկողության տակ, Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումից հետո հեղեղումները շարունակվում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտնել է, որ քննարկել է տարբեր հարցեր, այդ թվում՝ ամբարտակի փլուզման հետևանքների վերացումը, բնակչության տարհանումը հեղեղման հնարավոր գոտիներից, ինչպես նաև տարածաշրջանի էկոհամակարգի վերականգնումը և օպերատիվ ռազմական իրավիճակն աղետի գոտում:
Նա այցելել է նաև տարհանման կենտրոններ, զրուցել ՀԷԿ-ի փլուզումից տուժած մարդկանց հետ:
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Ավելի վաղ ռուսական կողմից հայտնել են 4280 մարդու, իսկ ուկրաինական կողմից՝ շուրջ 2000 մարդու տարհանման մասին:
Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: