Թուրքական լիրան 2021թ.-ից ի վեր անկման նոր ռեկորդ է սահմանել
Հունիսի 7-ին թուրքական լիրան նվազել է 7 տոկոսով՝ հասնելով 2021 թվականի անկումից հետո ռեկորդային նոր ցուցանիշի, գրում է Duvar-ը։ Մայիսի 28-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո լիրան ճնշման տակ է հայտնվել։ Այն մեկ օրվա ընթացքում արժեզրկվել է երկու անգամ անընդմեջ: Սկզբում հասել է 22,98-ի՝ մեկ դոլարի դիմաց, այնուհետև՝ պատմական 23,16 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց: Այդպիսով՝ այս տարվա ընթացքում լիրան արժեզրկվել է ավելի քան 19 տոկոսով։
Էրդողանը հանգստյան օրերին հայտարարել է կառավարության նոր կազմի ձևավորման մասին՝ ֆինանսների նախարար նշանակելով նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքին։ Շիմշեքն ավելի ուշ հայտարարել է, որ տնտեսական քաղաքականությունը պետք է վերադառնա տրամաբանական հիմքի: Առաջիկայում ակնկալվում է նաև Թուրքիայի կենտրոնական բանկի նոր ղեկավարի նշանակումը: