Կոսովոյի նախագահը երկրամասի հյուսիսում կրկնակի ընտրությունների անցկացման պայման է ներկայացրել. Reuters
Կոսովոյի իշխանությունները կարող են նահանգի հյուսիսում սերբաբնակ մունիցիպալիտետներում նոր ընտրություններ անցկացնել, եթե տեղական ընտրողների առնվազն 20%-ը ստորագրի համապատասխան խնդրագիրը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Վյոսա Օսմանիին։
Նրա խոսքով, այս տարբերակը կլինի քաղաքական տարաձայնությունները լուծելու «ամենաժողովրդավարական ճանապարհը», քանի որ այն «կապահովի սերբերի մասնակցությունը» ճգնաժամի կարգավորմանը «իրենց խնդրանքով»։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը և Արևմտյան Բալկանների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը հանդիպել են Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Նրանք Պրիշտինայից պահանջել են Կոսովոյի սերբերի մասնակցությամբ արտահերթ ընտրություններ անցկացնել տարածաշրջանի հյուսիսային մունիցիպալիտետներում: Էսկոբարը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնն ակնկալում է Կոսովոյի սերբերի մասնակցությունն ընտրություններին՝ առանց նախապայմանի առաջադրման: