ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա
Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ կստանա մինչև տարեվերջ, սակայն մնացած ժամանակը պետք է հնարավորինս օգտագործել բարեփոխումների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հայտարարությունը:
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումին, ապա իմ անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ, սակայն չափազանց կարևոր է, որ մինչև տարեվերջ մնացած ժամանակը օգտագործվի 12 առաջնահերթությունների առնչությամբ առավելագույն առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Գերչինսկին։
Ինչպես նշել է դիվանագետը, հոկտեմբերին կհրապարակվի Եվրահանձնաժողովի զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ, իսկ արդեն տարեվերջին եվրոպական երկրների առաջնորդները պետք է քաղաքական որոշում կայացնեն Վրաստանի և այլ երկրների վերաբերյալ, որոնք ցանկանում են անդամակցել կազմակերպությանը:
Եվրամիության առաջնորդները 2022 թվականի հունիսին Մոլդովային և Ուկրաինային շնորհել են համայնքին անդամակցելու թեկնածուների կարգավիճակ: Նրանք ընդունել են Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև 12 պայմանների կատարումից հետո նրան թեկնածուի կարգավիճակ տալու պատրաստակամությունը: Առաջարկությունների մեծ մասն այսօր կատարվել է, այդ թվում՝ իրականացվել է ընտրական բարեփոխում, ստեղծվել է հակակոռուպցիոն բյուրո, նոր համակարգով ընտրվել է օմբուդսմեն, փոփոխություններ են կատարվել գենդերային խտրականության դեմ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենքներում, նշանակվել են Արդարադատության բարձրագույն խորհրդի հինգ անդամներից երեքը: Օլիգարխների դեմ մշակված օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական կարծիք ստանալու համար: