ՆԳ նախարարը և Սիրիայի դեսպանը հայտնել են արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ ՆԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 1995 թվականին, երբ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև իրենց իրավասության հարցերին վերաբերող համագործակցության մասին» հուշագիրը։
«Վահե Ղազարյանն, ընդգծելով գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը, անդրադարձավ նաև անցած տասը տարիներին Սիրիայից Հայաստան եկած 22 հազար փախստականներին, որոնցից շատերը դիմել են Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով։
Նորա Արիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության ապացույցն է նաև այս տարվա փետրվարին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ՀՀ ՆԳՆ կողմից Սիրիա փրկարարական խմբեր ուղարկելը։ Նշվեց, որ հայ փրկարարները լիարժեք իրականացրել են ՀՀ կառավարության նախաձեռնած և ծրագրած մարդասիրական գործողության բոլոր խնդիրները: Նորա Արիսյանը նշեց, որ ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ և օրինակելի է ինչպես Սիրիայի Արաբական Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։