Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել», - ասել է նա:
Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:
Իրանի նավթի նախարարը նաև ընդգծել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայիս վարչակազմում արդյունավետ քայլեր են ձեռնարկվել նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնցից ամենագլխավորը կապված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանում և Վենեսուելայում արտատարածքային և ծովային նավթավերամշակման գործարանների գործարկման հետ: Նա շեշտել է, որ նախարարությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի նման նավթավերամշակման գործարաններ կառուցի տարբեր երկրներում: