ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ Բրեստում կայացած շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են իրենց ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։
«Բրեստ քաղաքում անցկացվել են երկրորդ շտաբային բանակցությունները ՀԱՊԿ-ի համատեղ և հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ: Համաձայնեցվել են մտահղացումների հիմքերը, կատարվել է տեղանքի հետախուզություն և ստորագրվել է ընդհանուր արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի տեսակետներն առաջիկա իրադարձությունների վերաբերյալ», - գրել է Ռևենկոն։
Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից 6-ը հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում հինգ զորավարժություններ։
2023 թվականին ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի հետ զորավարժությունների համալիրը կանցկացվի «Մարտական եղբայրություն 2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափում համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է: Բելառուսի տարածքում նախատեսվում է անցկացնել հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։