Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին առևանգված 2 հայ զինծառայողի վերաբերյալ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:
Ինչպես տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը:
Մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և առևանգել 2 հայ զինծառայողների, որոնք սնունդ էին մատակարարել մարտական դիրքեր։ Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողների նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցել՝ նրանց ներկայացնելով որպես «դիվերսանտ»։