Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ վարչապետ
Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ, չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որոնք սահմանել են մի շարք ոչ բարեկամական պետություններ», - ասել է Միշուստինը։
Նա հայտնել է, որ հունվար-ապրիլին Մոսկվայի և Երևանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի:
«Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և նոր ռեկորդային ցուցանիշների հասնել փոխադարձ առևտրում», - ասել է Ռուսաստանի վարչապետը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում հաջողությամբ աշխատում են ավելի քան 4,5 հազար ռուսական ընկերություններ, իսկ ՌԴ ներդրումները գերազանցում են Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 46 տոկոսը:
«Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները առևտրի, ներդրումների ավելացման համար, և, իհարկե, այդ խնդիրը լուծում է մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը», - ասել է Միշուստինը:
Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման, ագրոարդյունաբերական ոլորտներում համատեղ նոր նախագծերի մեկնարկով:
«Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջադեմ լուծումներ առաջարկել, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարության, խելացի, անվտանգ քաղաքի, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Մի շարք նախագծեր կան», - ասել է ՌԴ վարչապետը։
Միշուստինը կանգ է առել նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի վրա։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն ՝ մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումն ընդհանրապես համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին», - ասել է նա։