Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ռիչմոնդ քաղաքում ավագ դպրոցում ավարտական արարողության ժամանակ հունիսի 6-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 5 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Ըստ ոստիկանության՝ Ռիչմոնդի Մոնրո զբոսայգում նաև այլ մարդիկ են վնասվածքներ ստացել, երբ փորձել են փախչել հրաձգությունից: Այդ վիրավորների թվում է նաև 9-ամյա մի աղջիկ, որին հարվածել է մեքենան:
Ոստիկանությունը նախ 2 մարդու է ձերբակալել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանցից մեկն առնչություն չունի միջադեպի հետ: Կասկածյալը 19-ամյա մի երիտասարդ է, որն, ըստ քննիչների, կարող էր ճանաչել զոհերից մեկին: Նրա մոտ հայտնաբերվել է 4 ատրճանակ:
Զոհերից մեկը 18-ամյա շրջանավարտ էր, մյուսը՝ Ալտրիա թատրոնում ավարտական արարողությանը ներկա 36-ամյա տղամարդ: