ՆԳՆ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակեն արդյունավետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահե Ղազարայանը կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և անչափահասների հետ տարվող աշխատանքներում:
Նախարարն անդրադարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության կողմից կազմակերպված միջոցառումներին, կարևորեց և պատրաստակամություն հայտնեց շարունակելու աշխատանքները տարբեր ուղղություններով:
Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին ։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ՆԳՆ կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձավ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ համագործակցությանը և ընդգծեց անչափահասների հանցավորության դեմ պայքարի, Բարնահուսի մոդելի տարածման, ինչպես նաև՝ հատկապես դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
Քննարկվեցին նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթությունները՝ առանձնացնելով ապօրինի թմրաշրջանառությունն ու թրաֆիքինգը՝ կարևոր համարելով այդ ոլորտում համագործակցությունը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ դիտարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հանուն անչափահասների պաշտպանության առավել լավ գործիքակազմի նախատեսման»,- ասված է հաղորդագրության մեջ։