Արևից պաշտպանությունն անհրաժեշտ է տարվա բոլոր եղանակներին. արևապաշտպան քսուքների նշանակությունը
Վաղուց ի վեր ապացուցվել է, որ արևի տակ չափից շատ մնալը կարող է մաշկի քաղցկեղի կամ վաղաժամ ծերացման պատճառ դառնալ:
Արևայրուքը մաշկի պատասխան ազդանշանն է, որն առաջանում է ճառագայթման արդյունքում: Մասնագետներն այն կարծիքին են, որ արևայրուքով մաշկն արդեն իսկ վնասված է, գրում է Aysor.am-ը։
Անկախ մաշկի գույնից, բոլորն էլ գտնվում են արևի ճառագայթների բացասական ազդեցության ռիսկային գոտում: Սակայն առավել զգույշ պետք է լինեն բաց մաշկ ունեցողները, շիկահերները և կարմրահերները:
Արևից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք կանխարգելիչ միջոցառումներ.
Կրճատել արևի տակ գտնվելու ժամանակը, հատկապես ցերեկային ժամերին: Նույնիսկ ամպամած օրերին ուլտրամանուշակագույն ճառագաթների 80%-ը անցնում է ամպերի միջով: Անհրաժեշտ է հնարավորինս շատ գտնվել ստվերում:
Կրել այնպիսի հագուստ, որը կպաշտպանի արևից: Անհրաժեշտ է կրել լայեզր գլխարկ, երկարաթև հագուստ, տաբատ և ակնոցներ:
Օգտագործել արևապաշտպան քսուքներ. անհրաժեշտ է օգտագործել 30-50 SPF մակնշմամբ քսուք: Որքան մեծ է նշված թիվը, այնքան բարձր է արևապաշտպան հատկությունը: Լողավազան գնալիս պետք է օգտագործել արևապաշտպան քսուքի ջրակայուն տարբերակը:
Արևապաշտպան քսուքն անհրաժեշտ է տարածել մարմնի բաց մասերին` դեմք, վիզ, ձեռքեր և ոտքեր, որոնք մշտապես գտնվում են արևի ուղիղ ճառագայթների տակ:
Մաշկաբանները խորհուրդ են տալիս քսուքն օգտագործել տանից դուրս գալուց 30-45 րոպե առաջ, որպեսզի ձևավորվի հատուկ պաշտպանիչ միջավայր:
6 ամսականից մեծ բոլոր երեխաների մաշկին ևս կարելի է քսել արևապաշտպան քսուք, սակայն անպայման բժշկի հետ խորհրդակցելուց հետո միայն:
Շատ մասնագետներ նշում են, որ որոշ պացիենտներ արևապաշտպան քսուքը տարածքում են ամբողջ դեմքի և մարմնի վրա, սակայն խուսափում են աչքերի հատվածից: Նրանց խոսքով, սա շատ սխալ մոտեցում է, քանի որ աչքերի շուրջ մաշկն ամենանուրբն է և ունի անհրաժեշտ պաշտպանության կարիք:
Բացի այդ, ավազը, բետոնը կամ ջրում արտացոլվող արևի ճառագայթները մեծացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը՝ մեծացնելով աչքերի հետ կապված խնդիրներ ունենալու հավանականությունը։
Ճիշտ ընտրված արևային ակնոցները ևս կարող են պաշտպանել աչքերը: Ակնոց ընտրելիս խորհուրդ է տրվում ստուգել 99%-100% UV մակնշման առկայությունը: Սա երաշխավորում է պաշտպանություն երկու տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Երեխաները ևս պետք է կրեն ոչ թե խաղալիք ակնոցներ, այլ այնպիսիք, որոնք իսկապես կպաշտպանեն արևի ուղիղ ճառագայթներից և դրանց անդրադարձումից: