Յուվենտուսը հրաժարվել է Սուպերլիգային մասնակցելու գաղափարից
«Յուվենտուսը» նամակով տեղեկացրել է «Բարսելոնային» և Մադրիդի «Ռեալին», որ նրանք սկսել են Սուպերլիգայից դուրս գալու գործընթացը, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը, որը հայտնվել է ՈւԵՖԱ-ի հետաքննության տակ, գիտի, որ կազմակերպության հետ ցանկացած համաձայնության հասնելու համար պետք է հրաժարվի Սուպերլիգայի պաշտպանության դիրքերից։ Նախագծից հրաժարվելու որոշումը 100 տոկոսով ընդունված է։
«Յուվենտուսը» այն 12 ակումբների թվում էր, որոնք հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին 2021 թվականի ապրիլին։ Մրցաշարի հիմնադիրների մեծ մասը նույն ամսին դուրս եկան նախագծից։