Ճապոնիայում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է, որ Փարիզը դեմ է Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը
Ֆրանսիան դեմ է Տոկիոյում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացմանը՝ Չինաստանի հետ առճակատման խորացման մտավախությունների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Սետոնի հայտարարությունը:
«Մենք չենք կարող համաձայնել Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը: Մենք չպետք է սխալ ուղերձ հղենք Չինաստանին և Ասիայի մեր գործընկերներին»,- ասել է դիվանագետը:
Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշել էր, որ Փարիզի դիրքորոշումը բարդացնում է Ասիայում ՆԱՏՕ-ի առաջին ներկայացուցչության բացման հարցով բանակցությունները: Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ դաշինքի ուշադրությունը պետք է կենտրոնանա Հյուսիսատլանտյան տարածաշրջանի վրա: