Արքայազն Հարրին դատարանում վկայություն է տալիս բրիտանական մի շարք թերթերի դեմ
Արքայազն Հարրին սկսել է Լոնդոնի Բարձր դատարանում վկայություն տալ Mirror թերթերի խմբի (Mirror Group Newspapers - MGN) դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, 38-ամյա արքայազնը պնդում է, որ ինքը դարձել է MGN-ի կողմից կազմակերպված անօրինական տեղեկատվության հավաքման զոհը, և որ թերթերն անօրինական մեթոդներ են օգտագործել իր մասին տեղեկություններ ձեռք բերելու համար, այդ թվում՝ «կոտրելով» իր հեռախոսը:
Արքայազն Հարրին հայտարարել է, որ պարբերականների գործողություններն ազդել են իր կյանքի բոլոր կողմերի վրա՝ «ստեղծելով հսկայական պարանոյա իր բոլոր հարաբերություններում», քանի որ ինքը սկսել է չվստահել իր շուրջը գտնվող ոչ ոքի:
Արքայազն Հարրին վստահ է, որ տաբլոիդները «կոտրել են» իր հեռախոսը, քանի որ իր մասին այնպիսի հոդվածներ են տպագրվել, որոնք կարդալուց հետո նա հասկացել է, որ իր ձայնային հաղորդագրությունները լսել են:
MGN-ի ներկայացուցիչները պնդում են, որ արքայազն Հարրիի մասին տեղեկություն պարունակող շատ հոդվածներ հիմնվել են թագավորական ընտանիքի անդամների կողմից կան նրանց անունից բացահայտված տեղեկությունների վրա:
Արքայազն Հարրին բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամն է, որը վերջին 132 տարվա ընթացքում համաձայնել է անցնել դատական գործընթացի միջով: