«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» Արցախի իշխանություններին ուղղված պահանջներ է ներկայացրել
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի հայտարարությունը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Օրեր առաջ Ալիևի հնչեցրած՝ Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու մասին ագրեսիվ սպառնալիքները կրկին հաստատում են, որ նա շարունակում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու կամ օկուպացնելու իր հանցավոր ծրագիրը և ամեն ինչ անում է Արցախի էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու համար:
Ամիսներ շարունակ գտնվելով տոտալ շրջափակման մեջ՝ Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու անկասելի պայքարի ընթացքում մենք հստակ նախանշել ենք մեր կարմիր գծերը, որոնց անվերապահ պահպանումն ապահովելու է հայկական Արցախի գոյությունը: Հատկանշական է, որ այդ մասին տարբեր ձևաչափերով հայտարարել է նաև Արցախի Հանրապետության նախագահը՝ վստահեցնելով, որ չենք շեղվելու մեր պայքարի որոշումից և հավատարիմ ենք մնալու հայտարարված կարմիր գծերի պահպանմանը ( «բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության», նախագահ Հարությունյանի ելույթից, 23.02.2023թ․):
Սակայն հակառակ այս ամենի, տեղեկացանք, որ հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:
Ելնելով այս իրողություններից՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝
-անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը:
- զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:
Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում է ունենալու Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով»: