Այսօր առավել քան կարիքն ունենք մեր հայացքները դեպի մեր Աստծուն ուղղելու. Արտակ Սրբազան (ֆոտոշարք)
MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:
Արտակ եպիսկոպոս Տիգրանյան, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ.
Չմոռանանք երբեք, որ ամեն ինչում միշտ հավատարիմ պիտի մնանք Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար և Նա՝ Ով լինի խաչին գամված և կամ Հարություն առած, մշտապես գրկաբաց սպասում է մեզ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից. ամեն:
Այսօր առավել քան կարիքն ունենք մեր հայացքները դեպի երկինք՝ դեպի մեր Աստծուն ուղղելու, զղջումի, դարձի և ապաշխարության, կարիք ունենք մեր ներքին բարոյական Գողգոթայի ապրումի, բարոյապես նորոգվելու և նոր ոճ ու մնայուն արժեքներ ստեղծելու, որպեսզի Տերը երկնքից լսի մեր աղոթքը, ների մեզ։
Անցնող դարերի դիտարկումով, իր բոլոր ուղղություններով, կարգավորություններով, հորդոր-խրատներով, սրտաբուխ և քաղցրահաճ երգերով, աղոթքներով ու մաղթանքերով, երկնային դեր ու պաշտոն, մայրական գորով ունեցող եկեղեցին օգնել է իր զավակներին, արթնացնելով սխալի գիտակցությունը և ապա ճանաչումը, որպեսզի բարի քրիստոնյան կարողանա ենթարկվել ներքին փոփոխության, որից և ծնունդ կառնի հոգևոր հեղաշրջումը:
Երբեք ոչ ոք իր ապրած օրերում չի կարող զերծ մնալ սխալներից, որոնք շատ հաճախ արժանավայել կյանքը վերածում են անարժեք և անպիտան իրականության:
Մարդկային կյանքի ընթացքը նման է լայն, ընդարձակ, անսահման, անեզր պողոտայի, որով յուրաքանչյուր կյանք պարտավոր է ընթանալ իր ընտրած և ցանկալի հանգրվանին՝ կայանատեղիին անվնաս հասնելու համար:
Գաղտնիք չէ, որ մեր կյանքը ավելի շատ Ես-ին է գերեվարված, քան թե ցանկալի ու պահանջվող վսեմին, այն վսեմին, որ ճանաչեցնում է մեզ սխալն ու թերին։
Սխալ ընթացքը զղջում կհամարվի այն դեպքում, եթե երբևէ կրկնություն չունենա: Այդ նույն զղջումը իր հերթին կվերացնի ծանրացած ու մրոտ բեռը, լեռնացած հանցանքներն ու թերությունները:
Դրախտը մի իրականություն է, որտեղ Տերը թույլատրում է արարածներին վայելել Իր անմիջական ներկայությունը և մասնակից դառնալ արարչությանը, որի պատիվը չունեին անգամ լուսեղեն հրեշտակները։ Մեզ ի՞նչն է խանգարում այս կյանքում մեր շուրջ մեր դրախտը պահել, հոգ տանել, փայփայել, քանի դեռ այն ունենք։
Լինելով քրիստոնյա՝ մենք Աստծուն հիշում ենք միայն այն ժամանակ, երբ կարիք ունենք որևէ բանի։ Հարագնա և սպառողական մեր ժամանակները մեզ սովորեցնում են լինել անհատապաշտ և նյութամոլ․ հենց դրանով իսկ մենք նմանվում ենք Երուսաղեմի այն օրերի մարդկանց, ովքեր իրենց հագուստները և ճյուղերը փռում էին Տիրոջ առջև միայն մեկ բանի համար, որպեսզի սեփական խնդիրները լուծում ստանան։
Եվ եթե, ամեն տարի եղանակի և օրացույցի ցուցումների պես նույն են մեր աղոթքները և, ցավոք, նաև մեր վարքը և մարդիկ, որոնց խաչում ենք, գոնե չզլանանք և մեր խաչելության Գողգոթայում գտնենք նրանց, որոնց արդեն խաչել ենք, նայենք հալածյալ ու արյունոտ երեսներին և ասենք՝ «Աստուած քաւեա զմեղաւորս, Աստուած քաւեա զմեղաւորս, Աստուած քաւեա զիս զմեղաւորս ի մեղաց եւ կեցո․ ամէն»։
Աստված Աստվածամոր միջոցով աշխարհին տվեց Հիսուս Ընծա, որ եղավ փրկության մարմնացում մարդուն խավարից դեպի լույս, չիմացությունից դեպի իմացություն, անճանաչողությունից դեպի ճանաչում, մահից դեպի կյանք տանող ճշմարիտ վեմ:
Ճշմարիտ հավատացյալ քրիստոնյան աշխարհում նյութական վարձատրություն ակնկալողն ու ստացողը չէ, քանզի «մեր գանձերն արդեն իսկ երկնքում են» (հմմտ. Մատթեոս Զ 19-21):
Շատ են այն մարդիկ, ովքեր սխալին կառչած չեն ցանկանում իրականությունը տեսնել: Մեծագույն իմաստություն է ժամանակ առաջ սխալ ընթացքի գիտակցումը, դրանից ետ կանգնելն ու երես դարձնելը: