Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման զոհերի թիվը հասել է 18-ի
ՌԴ Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերի թիվը հասել է 51-ի: Թունավորվածներից 18-ը մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը՝ վկայակոչելով մարզի իշխանություններին:
Ըստ տարածաշրջանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Օլեսյա Կոլոտիկ-Կամենևայի՝ թունավորումն ընթանում է ծանր ձևով, սակայն հիվանդների մոտ նկատվում է դրական դինամիկա:
Թունավորման դեպքերը հայտնաբերվել են հունիսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ուլյանովսկի և Սամարայի մարզերում: Երկու տուժած կա Ուդմուրտիայում: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Նիժեգորոդսկի մարզում ևս կան թունավորումներ՝ մահվան ելքով:
Ըստ քննիչների՝ թունավորվածները խմել են Սամարայի մարզում արտադրված «Միստր Սիդր» թեթև ալկոհոլային ըմպելիքը։ Ըմպելիքն արտադրող ձեռնարկատերը բերման է ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ։