Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 14–ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել էր, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետների և այլ իրավաբանների, Հայաստանից «մոլորված զինծառայողներ» Ադրբեջանում չկան: Ինչ վերաբերում է վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին, ապա նրանց մոլորված համարելը, ըստ փորձագետների, պարզապես փաստերի խեղաթյուրում է:
Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, կատարել ծանր հանցագործություն: Տարբեր գնահատականներով, Շառլ Միշելի հայտարարությունը բխում է բացարձակապես Ադրբեջանի շահերից, այն է՝ մի քանի հայ ռազմագերիների դիմաց հասնել Ադրբեջանի՝ ահաբեկչական նպատակներով ՀՀ տարածք ներթափանցած և հանցագործություն կատարած զինծառայողների վերադարձին:
Այսուամենայնիվ, նույնիսկ այս պարագայում որևէ հայ ռազմագերի տուն չի վերադարձել, թեպետ Միշելի հայտարարությունից անցել է ավելի քան 3 շաբաթ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար։
Թանդիլյանը նաև մտահոգություն է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ունեցել է ընդհանրական բնույթ, և այն, ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։ Երեկ, երբ թերթը պատրաստ էր տպագրության, մեր տեղեկություններով, ԱԳՆ-ից պատասխան դեռ չէր ստացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: