Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում. Վարդանյան
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.
Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը։ Եվ սա միայն իմ դիրքորոշումը չէ։ Սա Արցախում ապրող մարդկանց ճնշող մեծամասնության դիրքորոշումն է, և ոչ միայն՝ Արցախում ապրողների:
Ակնհայտ է, որ թղթի վրա ստորագրված որևէ փաստաթուղթ ուժ չունի, եթե գործնականում՝ «հողի վրա», չկան դրա պահպանումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ, հստակ համակարգեր, կոնկրետ համաձայնագրերի խախտումները պատժելու մեխանիզմներ, եթե ժողովուրդն ու ղեկավարները չեն ցուցաբերում կամք, եթե ամեն ինչը «լղոզվում է»:
Դիվանագիտական ճանապարհով նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է: Հիշո՞ւմ եք Չերչիլի խոսքերը՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, կստանաս թե′ նվաստացում, թե′ պատերազմ»։