Մարտունու բաժնի ոստիկանները ձերբակալել են ինքնաշեն հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն
Մարտունու բժշկական կենտրոնից հունիսի 3-ին, ժամը 23.35-ին ոստիկանները հաղորդում են ստացել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենով կրակել է 44-ամյա համագյուղացուն, ապա, հրազենը թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
«Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը կեսգիշերին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:
Հունիսի 4-ին Մարտունու քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գեղհովիտցի 40-ամյա տղամարդը, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, ինքնաշեն եղանակով ապօրինի պատրաստել է 12 մմ տրամաչափի հրազեն, որը համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելուց հետո թողել էր դեպքի վայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: