Ուլյանովսկում և Սամարայում սիդրով թունավորման զոհերի թիվը հասել է 11-ի
Ուլյանովսկի մարզի բնակիչների շրջանում տնայնագործական ալկոհոլային խմիչքով թունավորումից մահացածների թիվը հասել է 9-ի: Հաշվի առնելով նաև Սամարայի մարզում խմիչքից մահվան 2 դեպքերը՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 11-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը:
«Հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիմիտրովգրադի մի քանի բնակիչներ հոսպիտալացվել են՝ «չպարզված նյութով թունավորում» ախտորոշմամբ: Չնայած ցուցաբերված համակողմանի բուժօգնությանը՝ ինը տուժած մահացել է», - ասվում է հաղորդագրությունում։
Քննիչները ձերբակալել են Սամարայի մարզից 32-ամյա անհատ ձեռնարկատիրոջը, որը կասկածվում է մարդկանց մահացու թունավորման համար:
«Քննության տվյալներով՝ ձերբակալվածը ոգելից խմիչք է արտադրել Սամարայի մարզի Կրասնոգլինսկի շրջանի Վինտայ բնակավայրում, այնուհետև ապրանքը մատակարարել Սամարայի և Ուլյանովսկի մարզերի մանրածախ առևտրի կետեր», - հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Ավելի վաղ Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկիխը հայտնել էր, որ թունավորվել է մարզի 22 բնակիչ, որոնցից 8-ը մահացել են։
Բոլոր դեպքերը կապված են Սամարայում արտադրված լցնովի սիդրի օգտագործման հետ։