Լիտվայում մեկնարկել են միջազգային ծովային զորավարժությունները
Այսօր Լիտվայում մեկնարկել են Audros smūgis միջազգային ծովային զորավարժությունները, որոնց մի մասը տեղի կունենա Կլայպեդա նավահանգստի տարածքում և Բալթիկ ծովի լողափերի շրջանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
«Ընթացիկ տարում Լիտվայում խոշորագույն ծովային զորավարժությունները տեղի կունենան հունիսի 5-ից մինչև11-ը Բալթիկ ծովում՝ Լիտվայի տարածքային ջրերում, ինչպես նաև Կուրշսկի ծովածոցում, Կլայպեդայի պետական ծովային նավահանգստի ջրատարածքում և Նիմերսետեի լողափի շրջանում», - ասված է հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին մասնակցող Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Ռումինիայի ռազմածովային ուժերի նավերը պետք է մշակեն ականների որոնման և վնասազերծման, հիբրիդային սպառնալիքներից, ինչպես նաև վերջրյա, ստորջրյա և օդային սպառնալիքներից պաշտպանության և նավահանգստի պաշտպանության միջոցներ:
«Կիրականացվի նաև ծովից դեսանտի իջեցման գործողություն», - նշել է հրամանատարությունը։
Audros smūgis զորավարժությունները ներառված են Baltops 2023 զորավարժությունների՝ Բալթիկ ծովում ամենամեծ միջազգային ռազմածովային վարժանքների ծրագրում։ 1971 թվականից դրանք անցկացվում են ամեն տարի մայիս-հունիս ամիսներին, կազմակերպիչը Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն է։ 2023 թվականի զորավարժություններն անցկացնում է Էստոնիան: