Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնել է հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորել են վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Բերկառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Մինաս աբեղա Հախվերդյանը։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի առիթով Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։
Օրվա խորհրդի մասին քարոզել է Բելգիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զատիկ վարդապետ Ավետիքյանը։
Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, պատգամել է հավատավոր ժողովրդին հետևել սուրբ կույս Հռիփսիմեի սրբության օրինակին և սրբուհու բարեխոսությամբ ամրանալ հավատքի մեջ։
«Սիրելի՛ հավատացյալներ, աղոթենք առ Աստված, որ ինչպես պատմության ընթացքին սուրբ Հռիփսիմեի օրինակով բազմաթիվ հավատացյալներ իրենց գործունեությամբ կենդանի պահեցին մեր հավատքը, այնպես էլ այսօր և վաղը հայտնի ու անհայտ նոր սրբեր ծնունդ առնեն մեր եկեղեցու անդաստանի մեջ և ապահովեն մեր կյանքում Հռիփսիմյանց կույսերի ոգին»,- ասել է Հայր Զատիկը՝ հորդորելով հավատացյալներին լցվել հավատքով, հույսով, սիրով ու հայցել Աստծո ողորմությունը մեր երկրի ու ժողովրդի համար։