Փայտե Citroen 2CV մեքենան Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 210 հազար եվրոյով
Փայտից պատրաստված Citroen 2CV մակնիշի մեքենան, որը համարվում է միակն իր տեսակի մեջ, Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 210 000 եվրոյով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականը:
Մեքենան գտնվում է լիարժեք աշխատանքային վիճակում և գրանցված է Ֆրանսիայում: 2CV-ի կորպուսը ձեռքով պատրաստված է փայտից՝ «նույն հայտնի կորերով, ինչ դրա հետպատերազմյան ֆրանսիական դասական նախնին»:
Մեքենան ձեռք է բերել փարիզաբնակ կոլեկցիոներ Ժան-Պոլ Ֆավանը, որն ունի վինտաժային տոնավաճառի կարուսելների թանգարան:
«Ես դժվարանում եմ խոսել այս գնումից հետո», - հեռախոսով AFP-ին ասել է Ֆավանը:
Փայտե 2CV-ն պատրաստել է հյուսն Միշել Ռոբիլարը՝ ընկուզենու, տանձենու, խնձորենու և կեռասենու փայտից: Ռոբիլարը AFP-ին հայտնել է, որ 2011 թ.-ից 5 տարի և մոտավորապես 5000 ժամ է ծախսել մեքենան պատրաստելու համար:
2 CV-ն, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «երկու ձիաուժ» (deux chevaux), ստեղծվել է 1948 թ.-ին՝ որպես Volkswagen Beetle-ի մրցակից:
14 տարեկանից հյուսն աշխատելով՝ Ռոբիլարը սկսել է աշխարհի հայտնի մեքենաների փայտե փոքր կրկնօրինակների պատրաստումը 1990-ականներից: Նա մի քանի մրցանակի է արժանացել իր կատարած բարդ աշխատանքի համար, այդ թվում՝ Harley Davidson մոտոցիկլետի համար, որի պատրաստումը տևել է ավելի քան 500 ժամ: