Պերուն երկրի հարավում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը բողոքի ցույցերի պատճառով
Պերուի ղեկավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի գործողությունը հանրապետության հարավային մասում՝ հակակառավարական բողոքների պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Եվս 60 օրով արտակարգ միջոցներ են սահմանվում Պունոյի դեպարտամենտում՝ Բոլիվիայի հետ սահմանին: Արտակարգ դրության ռեժիմը գործում է հունվարից։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին պաշտոնանկ անելուց հետո Պերուում սկսվեցին լայնածավալ հակակառավարական ցույցեր։ Դրանց մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի արձակում և նոր ընտրությունների անցկացում։
Ցույցերն ուղեկցվում են տարածաշրջաններում ճանապարհների արգելափակմամբ, օդանավակայանների վրա հարձակումներով և բախումներով։ Բռնությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ, տուժել՝ ավելի քան 1600-ը: