Մանչեսթեր Սիթին՝ Անգլիայի գավաթի հաղթող
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Արդեն 14-րդ վայրկյանին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը առաջ մղեց «Քաղաքաբնակներին» հաշվի մեջ՝ խփելով Անգլիայի գավաթի եզրափակիչների պատմության ամենաարագ գոլը։ Խաղի 33-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» վերականգնեց հաշվի հավասարությունը․ մրցավարը 11 մետրանոց նշանակեց Ջեկ Գրիլիշի ձեռքով խաղի համար, իսկ Բրունո Ֆերնանդեշն իրացրեց 11 մետրանոցը։
Երկրորդ խաղակեսի սկզբում Գյունդողանը երկրորդ անգամ առաջ մղեց «Քաղաքաբնակներին» հաշվի մեջ՝ տուգանային հրապարակից դուրս հարվածով գրավելով Դավիդ դե Խեայի դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։
«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ յոթերորդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Այս մրցաշրջանում Գվարդիոլայի սաները ոսկե դուբլ են ձևակերպել՝ դառնալով նաև Անգլիայի առաջնության հաղթող։ Հունիսի 10-ին Խոսեպ Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա «Ինտերի» հետ։
Աղբյուր ArmSport.am