Վոլոդինը Էրդողանին է փոխանցել Պուտինի շնորհավորանքը
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ջերմ խոսքերը և շնորհավորանքը նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «ՌԻԱ Նովոստի»-իի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել Է Պետդումայի մամուլի ծառայությունը:
«Վյաչեսլավ Վոլոդինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ողջույնի ջերմ խոսքերը և շնորհավորանքը նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,-հայտնել Է Պետդումայի մամուլի ծառայությունը:
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել Վոլոդինի և Թուրքիայի Հանրապետության Նախագահ Էրդողանի կարճատև զրույցը:
Զրույցը տեղի է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցելու համար ժամանած Թուրքիայի նախագահի և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Շաբաթ օրը Էրդողանին է հանձնվել Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին բարձրագույն ընտրական խորհրդի արձանագրությունը, որից հետո Թուրքիայի առաջնորդը երդում է տվել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում (խորհրդարանում) և պաշտոնապես ստանձնել պաշտոնը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) գլխավորած «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահ, նա հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 52 տոկոսը: Նրա մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 47,82 տոկոսը։
Էրդողանն իր տիկնոջ՝ Էմինե Էրդողանի ուղեկցությամբ, մտնելով դահլիճ, ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին:
Թփթփացնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուսին՝ կարճ շփվել է նրա հետ, ապա, երբ հերթը հասել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռքսեղմմանը, գրկել է նրան, համբուրել:
Թուրք առաջնորդը նաև թարգմանչուհու միջոցով կարճ զրուցել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, ով երդմնակալության արարողությանը ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Արարողությունը սկսվել է նախագահական սիմֆոնիկ նվագախմբի մեղեդու կատարմամբ։