Եկեղեցին Աստծո տունն է, բաց է բոլորի համար և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. Արցախի թեմ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել` թյուր և անհարկի շահարկումներ համարելով հունիսի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցած «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» հանրային շարժման հիմնադիր համաժողովի վերաբերյալ շրջաանառվող կարծիքները։
Արցախի թեմի հայտարարության մեջ ասված է.
«Սույն թվականի հունիսի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» հանրային շարժման հիմնադիր համաժողովը, որը առիթ է տվել տարատեսակ թյուր և անհարկի կարծիքների:
Իրապես Եկեղեցին քաղաքական հարթակ չէ և չի կարող սպասարկել որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի շահերը, բայց սրան զուգահեռ, Եկեղեցին ընդառաջ է գնում ցանկացած համազգային և հայրենանպաստ նախաձեռնության` լինեն դրանք անհատների, քաղաքական դերակատարների և թե՛ կուսակցությունների կողմից: Օրինակ, Արցախի թեմը մշտապես մասնակցում և առաջնորդում է Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած ապրիլի 24-ի ջահերով երթը, որովհետև դա համազգային միջոցառում է, և դրանով Եկեղեցին չի դառնում կուսակցական: Վերջերս վերոնշյալ շարժման անդամների կողմից կազմակերպվել է նաև ստորագրահավաք` «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, որին միացել են մեր Եկեղեցու բոլոր թեմերը, ավելի քան 400.000 հայորդիներ և սա նորից դուրս է նեղկուսակցական միջոցառում լինելուց:
⠀
Արցախի թեմը քաջատեղյակ է, որ ներկայումս ԱՀ Նախագահի կողմից հատուկ հրամանագրով արգելված են հավաքներն ու ցույցերը, եթե դրանք ուղղված չեն Արցախի ինքնորոշման հարցերին և չունեն համախմբման նպատակ, ուստի, ծանոթանալով վերոնշյալ հասարակական շարժման ծրագրերին և ազգային համախմբման նպատակներին, տվել ենք մեր օրհնությունն ու համաձայնությունը՝ եկեղեցու ներքնասրահում համաժողովը կազմակերպելու համար: Վստահաբար շարժման կազմակերպիչները ունեին հնարավորություն այլ՝ ավելի հարմար և լուսավոր դահլիճներում կազմակերպելու իրենց միջոցառումը, սակայն ցանկություն են հայտնել եկեղեցու օրհնությամբ սկսել իրենց նախաձեռնությունը, որը բնականաբար ողջունելի է:
⠀
Սիրելի հայրենակիցներ, եկեղեցին Աստծո տունն է, ու բաց է բոլորի համար, և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն: Արցախի ներկա կացությունը պարտադրում է մեզ լինել ավելի իմաստուն և միասնական, ուստի Քրիստոսի սիրո և օրհնության շուրջ համախմբումը վեր է ամեն տեսակ անձնական և նեղ խմբային շահերից»: