Հայ մասնակցին «Թուրքիայի ձայնը» նախագծից դուրս թողեցին
Պոլսահայ Ջորչ Շեքերը նախօրեին հանդես է եկել «Թուրքիայի ձայնը» (O ses Türkiye) երաժշտական հայտնի հեռուստանախագծի «մենամարտեր» փուլում: Ջորչը ևս 2 մասնակիցների հետ կատարեց «Son yolcu» (Վերջին ուղևորը) երգը, որից հետո մարզիչը ' թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշը, նշելով, որ դժվար ընտրության առաջ է կանգնած, և բոլոր մասնակիցներն էլ արժանի են շարունակել պայքարը, այնուամենայնիվ չընտրեց նախագծի միակ հայ մասնակցին և վերջինս դուրս մնաց հետագա պայքարից: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նշենք, որ թուրքական Star TV-ով հեռարձակվող այդ հաղորդման «կույր լսումներ» փուլի ժամանակ հաջող ելույթ ունենալով' պոլսահայ երիտասարդն արժանացել էր ժյուրիի անդամների դրական արձագանքին:
Իսկ երբ ժյուրիի անդամները տարակուսած ենթադրել են, թե Ջորչ Շեքերի հայրը թուրք է, և հավանաբար մայրն է օտարազգի, Ջորջը պատասխանել է. «Ո'չ, ես հայ եմ, ուղղակի մայրս ու հայրս թուրքիաբնակ են»: