Արցախում մայիսի կեսերից սկսած՝ օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերն ավելացել են
Եղանակի տաքացման հետ պայմանավորված, նկատվում է սողունների ակտիվություն: Օձերը սկսում են տեղաշարժվել և փնտրելով թաքստոցներ, հաճախ մտնում են բնակելի տարածքներ: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել նաև աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հաճախ, օրվա շոգ ժամերին, օձերը թաքնվում են թփերի, քարերի տակ, ժայռերի արանքում: Արշավականը կամ հողագործ գյուղացին չի նկատում և քայլելիս ոտքը դնում է օձի կողքին: Այս պարագայում խայթոցը օձի բնական արձագանքն է:
Հիմնականում օձերը զգուշացնում են իրենց ներկայության մասին՝ հանելով բնորոշ ֆշշոցը: Մասնագետները խորհուրդ են տալիս օձին տեսնելուց շատ դանդաղ հետդարձ կատարել, օձը ինքն է փախչում մարդուն տեսնելուց:
Օձերին բնակելի տներում գրավում են տնային կենդանիները, թռչունները: Նրանց համար կեր կարող է լինել նաև հավի ձուն։ Այսինքն՝ օձը նաև սնվելու նպատակով է բնակելի տարածք ներս մտնում։
Հանրապետության տարածքում մայիսի կեսերից սկսած, օձի հայտնաբերման վերաբերյալ կանչերն ավելացել են: Սողուններին նկատել են բնակելի տների ներսում, բակում, ավտոմեքենաների խցիկում, նաև՝ բաց տարածքներում: Ժամանակին փրկարար ծառայություն ահազանգելու և փրկարարների կողմից արագ արձագանքման ու համապատասխան գործողություններ իրականացնելու շնորհիվ, հաջողվել է խուսափել դժբախտ ելքով դեպքերից:
Մասնագետները օձի խայթոցից խուսափելու համար հորդորում են հետևել մի քանի պարզ կանոնների․
Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ՝ թփերը հրելու համար:
Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:
Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքը վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որ քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Տուժածին պետք է, որքան հնարավոր է շատ ջուր տալ, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը:
Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:
Սողունին հանդիպելիս ինքնուրույն քայլեր մի ձեռնարկեք, զանգեք 911 հեռախոսահամարին և փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով օձին կտեղափոխեն անվտանգ տարածք: