«Արմավիր» ՔԿՀ-ում թաքստոցներից հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ և ինքնաշեն ոգելից խմիչք
Հունիսի 1-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում նախապես ստացված տեղեկությունները, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում խցի ընդհանուր օգտագործման պահարանից հայտնաբերվել է թմրանյութին նմանվող, 10 մգ սպիտակ հեղուկով լցված ապակյա սրվակ, որը թաքցված է եղել օճառի մեջ: Բացի այդ՝ նույն խցի պատուհանագոգի վրայից հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, որի մեջ առկա են եղել սպիտակ կաթիլներ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Ավելի ուշ` ժամը 22:40-ի սահմաններում, ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացված մեկ այլ տեղեկության հիման վրա խուզարկություն է իրականացվել հիմնարկի տնտեսական մասնաշենքի լոգարաններից մեկում, ինչի արդյունքում պահարանի տակից հայտնաբերվել է 6 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայով ինքնաշեն ոգելից խմիչք: