Սենեգալում բողոքի ցույցերի ընթացքում 9 մարդ է զոհվել
Առնվազն 9 մարդ է զոհվել Սենեգալում բողոքի ցույցերի ընթացքում, որոնք սկսվել են Սենեգալի ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Senego պարբերականը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Անտուան Դիոմին։
Սենեգալի ներքին գործերի նախարարը հայտարարել է նաև սոցիալական ցանցեր մուտքի սահմանափակման մասին՝ ատելության խոսքի տարածումը կանխելու համար։
Մայրաքաղաք Դակարի քրեական դատարանը հունիսի 1-ին «Սենեգալի հայրենասերները հանուն աշխատանքի, էթիկայի և եղբայրության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ուսման Սոնկոյին մեղավոր է ճանաչել մանկապղծության մեջ:
Ինչպես նշում է Senego-ն, բացի 2 տարվա ազատազրկում սահմանելուց, դատավճիռն ընդդիմադիր առաջնորդին նաև զրկում է 2024 թվականի փետրվարին Սենեգալի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից, ինչն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել:
Դատավճռի հրապարակումից հետո Դակարում և դրա արվարձաններում սկսվել են անկարգություններ, որոնց մասնակիցները հրկիզում են անվադողեր և բախումների բռնվում ոստիկանության հետ։
Դա Սոնկոյի դեմ առաջին դատական գործը չէ 2023 թվականին։ Դակարի վերաքննիչ դատարանը մայիսի 8-ին նրան դատապարտել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ կառավարության անդամի հասցեին հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար։
Ավելի վաղ ընդդիմության առաջնորդը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին։
Սենեգալի գործող նախագահ Մակի Սալը դեռ չի հայտարարել առաջիկա ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին: