Ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ուրեմն պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցը 16-ամյա երեխային դաժանաբար ծեծի է ենթարկել շուրջ երկու ամիս առաջ, իսկ նրա նկատմամբ այս պահին արդեն քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով, որ իբրև թե զղջացել է, հասկացել է կատարածը, ուստի ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու կարիք չի եղել։
Նախ, ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է և բավարար քննությամբ միանշանակ հերքվել է ծանր հանցանք հանդիսացող խոշտանգման՝ պաշտոնատար անձի կողմից որոշակի նպատակներով բռնություն գործադրելու հանգամանքը։ Բացի այդ, ակնհայտ է, որ այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին։ Որպես ասածիս հավաստիության փաստարկ՝ բերեմ ընդդիմադիր գործիչ, փաստաբան, ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինակը, ում ևս մեղսագրվում է ոչ մեծ ծանրության հանցանք՝ իբրև թե սպառնացել է իրեն ավտոմեքենայից դուրս քաշող պարեկին՝ ասելով, որ կխփեմ ուշքդ կեթա։
Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ վարույթի նյութերը շուտով պատրաստվում են մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, իսկ նրան ու ոստիկանության քրեականի պետին մեղսագրվող արարքները նույնիսկ համեմատելի չեն, անձերի մասին էլ չասեմ։ Եվ սա միակ օրինակը չէ…»։