2022-ին մինչև 1 և 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում է գրանցվել
2022-ին գրանցվել է մոր և մանկան առողջության ցուցանիշի մասով դրական դինամիկա: Այդ մասին ԱԺ-ում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մինչև 1 տարեկան երեխաների և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում ունենք: Մինչև 1 տարեկաններինը 2022 թվականին կազմել է 6,7 պրոմիլ և մինչև 5 տարեկաններինը՝ 7,5:
Ունենք նաև դրական դինամիկա՝ մեռելածնության հետ կապված: Այն իջել է նախորդ տարվա 13,5 ցուցանիշից մինչև 11,8 պրոմիլ»,- ասաց նախարարը:
Ըստ Ավանեսյանի՝ մայրական մահացության առումով 2021 թվականին գրանցվել էր քովիդով պայմանավորված դեպքերի աճ, 2022 թվականին այդ ցուցանիշը իջել է, գրանցվել է 8 մահ:
«Աշխատում ենք, որպեսզի այս ցուցանիշը է՛լ ավելի նվազի և հասնի եվրոպական երկրների ցուցանիշին, որը 3-4-ի շրջանակներում է»,- ասաց նախարարը: