Շվեդիայում ուժի մեջ են մտել փոփոխություններն ահաբեկչության մասին օրենքում
Այսօր Շվեդիայում ուժի մեջ են մտել ահաբեկչության մասին օրենքում կատարված փոփոխությունները: Դրանք դիտվում են որպես Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հայտի հաստատման կարևոր մաս: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Փոփոխությունները նախատեսում են քրեական պատասխանատվության սահմանում ահաբեկչական խմբավորումներին մասնակցության համար, ինչը ենթադրում է ցանկացած գործունեություն` ուղղված նման կազմակերպությունների «տարածմանն, ամրապնդմանն ու աջակցմանը»։
Փոփոխված օրենսդրության համաձայն՝ նման գործունեության համար նախատեսվում է պատիժ՝ մինչև չորս տարի ժամկետով ազատազրկմամբ։ Եթե հանցագործությունը համարվում է առանձնապես ծանր, ապա պատիժ կրելու ժամկետը կարող է տատանվել երկուսից մինչև ութ տարի: Եթե հանցագործը գլխավորել է ահաբեկչական կազմակերպություն, ապա նրան կարող են դատապարտել բանտարկության՝ երկու տարուց ոչ պակաս և 18 տարուց ոչ ավելի ժամկետով կամ ցմահ բանտարկության։
Քրեական հետապնդման կենթարկվեն նաև ահաբեկչական կազմակերպության մասնակցության ֆինանսավորումը, ահաբեկչական գործունեության հրապարակային հրահրումը և հանցագործության կատարման նպատակով հավաքագրումը:
Շվեդիան ակնկալում է, որ հակաահաբեկչական օրենսդրության խստացումը կկարողանա արագացնել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության Շվեդիայի հայտի վավերացումը Թուրքիայի կողմից։ Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող վավերացնել թագավորության անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ Ստոկհոլմը հրաժարվել է արտահանձնել 120 անձանց, որոնց Թուրքիայի իշխանությունները կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ:
Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտեր են ներկայացրել 2022 թվականի մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպությունները և հանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ ։
Անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, տեղի ունեցան Թուրքիայի նախագահ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի, այն ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները։ Ստորագրվեց հուշագիր, որը յուրօրինակ ճանապարհային քարտեզ էր և թույլ էր տալիս Ստոկհոլմին և Հելսինկիին անդամակցել ՆԱՏՕ-ին։
Այս տարվա մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը. երկիրը դաշինքի անդամ դարձավ ապրիլի 4-ին: