Հայտնի են Բենուր Փաշայանի մրցաշարի հաղթողները. Մաքսիմ Մանուկյանի ոսկե վերադարձը
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարը, որի արդյունքներով կձևավորվի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը վերջին շրջանում մրցաշարերի չէր մասնակցում (82 կգ):
Փոխչեմպիոններ դարձան Ռոբերտ Կարապետյանը, Հայկ Մելիքյանը, Արարատ Վարդերեսյանը, Աշոտ Կիրակոսյանը:
Իսկ բրոնզե մեդալ նվաճեցին Ռուդիկ Մկրտչյանը, Արմեն Սուքիասյանը, Կարեն Ասլանյանը, Սերյոժա Բեռնեցյանը, Կարեն Խաչատրյանը, Սամվել Գրիգորյանը, Գևորգ Թադևոսյանը, Հանի Խլոյանը, Ալբերտ Վարդանյանը:
Ոսկե մեդալների քանակով Ռուսաստանի հավաքականն առաջին տեղն է։ Ռուսաստանը ներկայացնող ըմբիշները 6 ոսկե մեդալ են նվաճել։