Քըլըչդարօղլուն հայտարարել է՝ շարունակելու է ղեկավարել Ժողովրդահանրապետական կուսակցությունը
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը նախագահի ընտրություններում ընդդիմության միակ թեկնածուն էր, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից՝ մայիսի 28-ին քվեարկության երկրորդ փուլում կրած պարտությունից հետո։
Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «ավտորիտար ռեժիմի» դեմ։
Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով Ժողովրդահանրապետական կուսակցության աղբյուրները, հաղորդում են, որ Քըլըչդարօղլուի գլխավորած կուսակցությունում ավելի ու ավելի հաճախ են խոսում առաջնորդին փոխելու անհրաժեշտության մասին, որը 2010 թվականից ի վեր կուսակցությունը ղեկավարելու ընթացքում չի հաղթել ոչ մի համազգային ընտրություններում։